Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասին հայտարարությունը, որն այսօր ընդունվել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարը հիշեցրեց ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը՝ ընդգծելով, որ Միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են կատարման համար։ Հակառակ դեպքում պետք է լինեն հետեւանքներ։

«Այլապես միջազգային հարաբերությունների համակարգը պարզապես կդադարի գործել»,- զգուշացրեց Միրզոյանը։