Հայաստանը չի կարող կանխել հայկական ծագմամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Այս մասին մարտի 24-ին՝ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ նշված անձինք, այդ երկրների քաղաքացիներ են։
«Եվ նրանք ունեն համապատասխան իրավունքներ եւ պարտավորություններ», - նկատեց նախարարը։
Միաժամանակ նա նշեց, որ դեռ 2022 թվականի փետրվարին, այսինքն՝ ռազմական գործողությունների մեկնարկից հետո, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել մարտական գործողությունների գոտուց հանրապետության քաղաքացիների տարհանման եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։



























