Աֆղաստանի նախկին նախագահ, Խաղաղության Բարձրագույն խորհրդի նախագահ Բուրհանուդդին Ռաբբանիի սպանությունը լավ նախապատրաստված ահաբեկչական ակտ էր՝ պլանավորված «Թալիբան» շարժման ղեկավարության, ավելի կոնկրետ՝ թալիբների խորհրդի կողմից, որը գտնվում է Պակիստանի Քվետտա քաղաքում։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի ազգային անվտանգության գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Շաֆիկուլլա Թահիրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Աֆղաստանի նախկին նախագահ Բուրհանուդդին Ռաբբանին սեպտեմբերի 20-ին մահացել էր թալիբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնցից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, մահապարտ է եղել։ Աֆղանական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների խոսքով, ռումբն, ամենայն հավանականությամբ, թաքնված է եղել տյուրբանի տակ։ Ռաբբանիի հետ հանդիպումից առաջ «Թալիբանի» բանագնացներին չեն խուզարկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուրհանուդդին Ռաբբանին ուրբաթ երեկոյան հուղարկավորվելու է Քաբուլում՝ Վազիր Ակբար Խանի բլրում։




























