Միացյալ Նահանգները ողջունում է տարածաշրջանի հակամարտությունների, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Երեւանում հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։ Ամերիկացի դիվանագետը Հայաստանում է կարճատեւ այցով։

Սթեյնբերգը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ողջ Հարավային Կովկասի համար։

«Կողմերը, միջազգային հանրության աջակցությամբ, ձգտում են կարգավորման հասնել Մադրիդյան սկզբունքների հիման վրա», նշել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, եւ հույս հայտնել, որ արդեն հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումից հետո տեսանելի առաջընթաց կարձանագրվի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում։ Նշենք, որ նախագահների հանդիպումը նախատեսված է Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Սթեյնբերգը նշել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես այն կարծիքին է, որ Երեւանի եւ Անկարայի բանակցային գործընթացը չպետք է կապվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի լուծման ընթացքի հետ։ Միացյալ Նահանգների անունից նա եւ մեկ անգան ողջունել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի նախագահի եւ ԱԳ նախարարի ձեռնարկած քայլերը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր հերթին ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ԱՄՆ-ի ներդրումը։ Իր խոսքերով, հայ-ամերիկյան հարաբերությունները ընդհանուր առմամբ զարգանում են, սակայն ծավալվելու կարիք ունեն՝ հատկապես տնտեսության բնագավառում։

ԱԳ նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան հյուրը հանդիպել է Հայաստանի ղեկավարության՝ այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների ներկայիս հարաբերությունները՝ կարեւորելով փոխադարձ ըմբռնողականությունը եւ փոխաջակցությունը։ Խոսվել է նաեւ Հայաստանի տնտեսական վիճակի, երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանային բնույթի խնդիրների մասին։

Նալբանդյանի խոսքերով, Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նախկինի պես տեսնում է երեք հիմնարար սկզբունքները հաշվի առնելու պարագայում, դրանք են՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, տարածաշրջանային անվտանգությունը եւ ուժի չկիրառումը։ Նա եւս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը վերոհիշյալ հարցում։ Լեռնային Ղարաբաղը պետք է կամքի ազատ արտահայտման իրավունք ունենա, որի հիման վրա էլ կորոշվի նրա վերջնական կարգավիճակը։ Հայաստանի արտգործնախարարը նաեւ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործընթացին աջակցելու Մեծ ութնյակի ղեկավարների ջանքերը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքների վերջերս հրապարակված որոշ մանրամասներ կողմերն արդեն քննարկել են, իսկ մյուսները դեռեւս պետք է քննարկվեն։