«Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին նախանշված համերգը  չի կայանալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` հավելելով, որ երեկ ուշ երեկոյան երգչուհու մենեջմենթից հաղորդագրություն են ստացել, որտեղ նշվում է, որ Սեզարիա Էվորայի կարիերան վերջացել է, նա այլեւս չի կարողանա երգել,  որովհետեւ ծանր առողջական վիճակում է: 

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ հաղոդագրության մեջ նշված էր այն երկրները, որտեղ նա պետք է հանդես գար համերգներով եւ այդ ցանկում առաջինը Հայաստանն էր, իսկ համերգները վերջանում էին Անգլիայում. «Որպես երգիչ նա այլեւս չի երգի, նա ուղեղի կաթված է ստացել եւ բավականին  վատ վիճակում հիվանդանոցում պառկած է, պաշտոնապես հայտարարել են  նրա` կարիերան ավարտելու մասին»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: 

Ավելի ուշ  NEWS.am-ը մանրամասներ կներկայացնի, թե Սեզարիա Էվորիայի` Երեւանում նախատեսված համերգի փոխարեն որեւէ այլ համերգ կկայանա, թե ոչ, եւ  տոմսերի վերադարձը ինչպես է լինելու:Նշենք, որ Grammy մրցանակ դափնեկիր, երկու անգամ Victoire de la Musique երաժշտական մրցանակին արժանացած Սեզարիա Էվորան հետաձգել է բոլոր առաջիկա համերգները վատ ինքնազգացողության պատճառով եւ որոշել է չշարունակել իր էստրադային գործունեությունը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ֆրանս Պրեսս» գործակալությունը: Բժիշկները նրան խորհուրդ են տվել հետաձգել առաջիկա համերգները: Իր մենեջերի եւ պրոդյուսերի հետ խորհրդակցելուց հետո Սեզարիան որոշել է դադարեցնել իր կարիերան, ասված է Lusafrica-ի հաղորդագրության մեջ: «Առողջական նոր խնդիրները վիրաբուժական միջամտության հետեւանք են, մասնավորապես սրտի վիրահատությունը, որին ենթարկվել է Էվորան»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երգչուհին մտադիր էր սեպտեմբերի 29-ին համերգով հանդես գալ Հայաստանում: Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին Կաբո-Վերդեի Մինդելո բնակավայրում: Նա երգում է 17 տարեկանից, սակայն առաջին սոլո-ալբոմը երգչուհին ձայնագրել է Լիսաբոնում երեք տարի անց: Ուշագրավ է, որ «Բոկոտն թագուհի» մականունը 70-ամյա երգչուհին ստացել է բոկոտն բեմ դուրս գալու իր սովորության համար: