Գրավի դիմաց իրանական բանտից ազատ արձակված ամերիկացիներ Շեյն Բաուերը եւ Ջոշ Ֆաթալը կիրակի վերադարձել են տուն։ Նյու Յորք վերադառնալուց հետո նրանք լրագրողներին ասել են, որ իրենց անազատության մեջ էին պահում քաղաքական դրդապատճառներով։
«Հենց սկզբից միակ պատճառը, որով մեզ պատանդ էին պահում, այն էր, որ մենք ամերիկացիներ ենք։ Իրանը մեր գործը մշտապես կապել է ԱՄՆ-ի հետ ունեցած քաղաքական վեճերի հետ»,- հայտարարել է Շեյն Բաուերը։
Ինչպես նշել է Բաուերը, հեգնանքն այն է, որ իրենք միշտ դեմ են արտահայտվել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը, նրանց կարծիքով, միայն նպաստում է երկու երկրների միջեւ թշնամության ուժեղացմանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ երկու ամերիկացիները՝ Շեյն Բրաուերը եւ Ջոշ Ֆաթալը, ինչպես նաեւ 32-ամյա Սառա Շուրդը ձերբակալվել էին 2009 թվականին Իրանի եւ Իրաքի միջեւ սահմանում հայտնվելու պատճառով։ Սառա Շուրդը գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ միանգամից գնացել ԱՄՆ։ Երկու ամերիկացիների հանդեպ դատական գործն ավարտվել էր նախորդ ամիս։ Լրտեսության եւ սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացիները դատալսումների ժամանակ իրենց մեղավոր չէին ճանաչել ոչ մի կետով։



























