Անցած հանգստյան օրերին Մարոկկոյում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները պահանջել են ավելի շատ ազատություններ երկրի քաղաքացիների համար, ինչպես նաեւ նվազեցնել կոռուպցիայի մակարդակը իշխանության մեջ:
Ինչպես Մերձավոր Արեւելքի մեծ մասը, տարվա սկզբին Մարոկկոյում նույնպես ժողովրդական հուզումների ալիք էր սկսվել, որոնց նպատակը բարեփոխումների անցկացումն է:
Սակայն երկրի թագավոր Մուհամեդ VI-ի կողմից սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու խոստումից հետո, բողոքի ակցիաները հանդարտվել էին: Այդ փոփոխությունների համաձայն, երկրի կառավարությունն այսուհետ կձեւավորվի խորհրդարանի, այլ ոչ` միապետի կողմից:
Նոր Սահմանադրությունն ընդունվել է այս տարվա հուլիսին, իսկ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան երկու ամսից:
Այդուհանդերձ, ցուցարարները շարունակում են բողոքել ձեռնարկված միջոցառումներից: Տուժածների մասին տեղեկություններ չկան, գրում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:




























