Քաբուլում, այսօր` սեպտեմբերի 26-ի գիշերը, հարձակում է կատարվել այն շենքի վրա, որտեղ, ըստ Աֆղանստանի կառավարության աղբյուրի տվյալների, 2001-ից տեղակայված է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ներկայացուցչությունը: Միաժամանակ, Վաշինգթոնում հայտնել են, որ հարձակման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատան շենքերից մեկը:
«Ոստիկանության աշխատակիցները կրակոցներ են լսել «Արիանա» հյուրանոցի մոտից»,- «Ֆրանս Պրեսս»-ին տված հարցազրույցում ասել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Սիդիք Սիդիքին:Նրա խոսքով, աֆղան ոստիկանները չեն կարողացել մտնել հյուրանոցի տարածք, քանի ու այդ գոտին վերահսկում են միջազգային ուժերը, հաղորդում է BBC-ն:
ԿՀՎ-ում առայժմ հրաժարվում են մեկնաբանել տեղի ունեցածը: Կատարվածի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Փոխհրաձգության արդյունքում սպանվել է առնվազն մեկ գրոհային եւ երկու աֆղան զինծառայող:
Նշենք, որ ԿՀՎ-ի գրասենյակը գտնվում է նախկին «Արիանա» հյուրանոցում` երկրի նախագահ Համիդ Քարզայի նստավայրցի մի քանի թաղամաս հեռու:



























