Ուկրաինայի Դոնեցկի շրջանում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա կնոջը, ում ձեռքին փոքր երեխա է եղել: 2010 թվականին ծնված աղջիկը մահացել է, իսկ նրա մայրը մարմնական վնասվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Վոլնովախ քաղաքում, հաղորդում է Сегодня.UA-ն:

Նարկոբաժանմունքի եզրակացության համաձայն, վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: «Սեգոդնյա»-ի տվյալներով, սեւ «Շկոդայի» վարորդը ազգությամբ հայ է եւ զբաղվում է մասնավոր ձեռներեցությամբ:

«Վարորդի դեմ հարուցվել է քրեական գործ ՔՕ 286-րդ հոդված 2-րդ մասով (ազատազրկում 3-ից 8 տարվա ժամկետով): Նա կալանքի տակ է եւ գտնվում է Դոնեցկի թիվ 5 Քննչական մեկուսարանում»,-«Սեգոդնյա»-ին հայտնել են Դոնեցկի շրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության` ԱՃՊ-ի քննչական բաժանմունքի պետ Վալենտին Ֆիրսը: