Դանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Ավելի վաղ այս տարի Դանիան որոշում էր կայացրել Ուկրաինային փոխանցել իր բոլոր Caesar հրետանային համակարգերը։ Այժմ ուկրաինացիներն անցել են օգտագործման եւ սպասարկման ուսուցում եւ պատրաստ են ստանալ համակարգերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ հրետանային համակարգերը Ուկրաինա կհասցվեն առաջիկա շաբաթներին։ «Սա մեծ եւ նշանակալի նվեր է, որը շատ պահանջված է Ուկրաինայում։ Անկասկած, այն կիրառություն կգտնի, իսկ ուսուցման ավարտից հետո ուկրաինացիները կարող են այն օգտագործել մարտի դաշտում, որտեղ դրա կիրառման ժամանակ ակնհայտ փոփոխություն կզգացվի»,-ասել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Տրոելս Լունդ Պոուլսենը։   

Այսօր նա մի քանի խորհրդարանականների եւ պաշտպանության կոմիտեի անդամների հետ այցելել է Օքսբյոլ բնակավայրի զորանոցներ, որտեղ վերապատրաստվել են ուկրաինական վերջին մարտական հաշվարկները։ «Մինչ այդ Դանիան Ուկրաինային մոտ 6,2 մլրդ կրոն (940 մլն դոլար) աջակցություն է ցուցաբերել։ Վերջերս ստեղծված ուկրաինական հիմնադրամի հետ մենք ձգտում ենք պահպանել Ուկրաինային օգնության բարձր մակարդակը։ Դա պետք է իրական նշանակություն ունենա եւ նկատելի լինի ուկրաինացիների համար»,-շարունակել է Լունդ Պոուլսենը։ Դանիայի կառավարությունն ավելի վաղ Թագավորության սպառազինության մեջ գտնվող բոլոր 19 համակարգերը Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու մասին որոշում է ընդունել, որին աջակցել էր խորհրդարանը։