Կարեն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա իրեն դավաճան կոչելուց հետո, իրավապահ մարմիններում որեւէ գործընթաց դեռեւս չի նախաձեռնվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց միջադեպի մասնակից Կարեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ որեւէ իրավական գործընթացի մասին իրեն չեն հայտնել, ինքը հաղորդում չի ներկայացրել, կարծում է, որ ժողովրդավարական երկրում  իրավապահ մարինները կզբաղվեն այս  հարցով:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը, օրեր անց էլ մեկ այլ գրառմամբ ներողությու էր խնդրել կատարավածի համար ՀՀ քաղաքացիներից։

« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:

Կարեն Մկրտչյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը կարծում է, որ դեպքի առնչությամբ պետք է հարուցվի վարույթ խուլիգանության եւ պաշտոնեական դիրքի սահմանազանցման հատկանիշներով։

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին չհերքված լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով