ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային  ծրագիրը (ՊՀԾ) կիրակի հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է բոլոր գործողությունները Սուդանում՝  նախօրեին սուդանական բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) բախումների ժամանակ իր երեք աշխատակիցների զոհվելուց հետո, տեղեկացնում է  Reuters-ը։

«Քանի դեռ մենք վերլուծում ենք անվտանգության փոփոխվող իրավիճակը, ստիպված ենք Սուդանում ժամանակավորապես դադարեցնել բոլոր գործողությունները,- ասված է ՊՀԾ գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնի հայտարարության մեջ,- ՊՀԾ-ն հակված է օգնել Սուդանի ժողովրդին, որը պարենի խիստ պակաս է զգում, բայց մենք չենք կարող կատարել կյանքեր փրկելու մեր աշխատանքը, եթե չերաշխավորվի մեր թիմերի և գործընկերների անվտանգությունը»։

ՊՀԾ երեք աշխատակից է սպանվել և երկուսը վիրավորվել Հյուսիսային Դարֆուրում տեղի ունեցած բախումների հետևանքով։ ՊՀԾ-ն չի ճշտել նրանց ազգությունը։

Մաքքեյնը նաև նշել է, որ ՊՀԾ աշխատակիցների համար դժվար էր աշխատելը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Հումանիտար օդային ծառայության ինքնաթիռը զգալի վնասվել էր Հարթումի օդանավակայանում շաբաթ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։

ՄԱԿ-ը դատապարտել է ՊՀԾ աշխատակիցների սպանությունը՝ հայտարարելով, որ նրանք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս։

Սուդանի բանակի և ԱԱՈՒ-ի միջև իշխանության համար պայքարի արդյունքում ներկա դրությամբ զոհվել է 56 խաղաղ բնակիչ և 595 մարդ վիրավորվել է։