Հունգարիան ընդլայնել է ուկրաինական գյուղմթերքների ցանկը, որոնց ներմուծումը երկիր կարգելվի։ Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյաշը։ Արգելքի տակ են հայտնվել մեղրն ու տարբեր մսամթերքներ, փոխանցում է Reuters-ը։
«Արգելքը ներառում է ընդհանուր առմամբ 25 մթերք, որոնցից ամենակարեւորը հացահատիկն է, հլածուկի եւ արեւածաղկի սերմերը, ալյուրը, կարագը, մեղրը եւ որոշ մսամթերք»,-ասել է նա։
Արգելքը սահմանվում է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը։ Բուդապեշտում պատրաստակամություն են հայտնել երկարաձգել այն, եթե ԵՄ-ն քայլեր չձեռնարկի հունգարացի ֆերմերներին պաշտպանելու համար, հայտարարել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության պետական քարտուղար Շանդոր Ֆարկաշը։





























