Ֆրանսիայի Սենատում ձախ կուսակցությունների հաղթանակը լուրջ հարված էր Սարկոզիին, սակայն այդքան էլ միանշանակ չէ, որ այդ փաստն օգտակար կլինի հայկական խնդիրների լուծման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը:

«Պատասխանը միանշանակ չէ: Անշուշտ սա Սարկոզիի պարտությունն է, ինչը որոշ չափով բնական է, քանի որ Սենատի ընտրություններն ուղիղ ընտրություններ չեն: Ժողովուրդը չի քվեարկում, այլ «Մեծ քվեարկողները»` քաղաքապետարանների ընտրյալ անդամներ, նահանգային խորհուրդների անդամներ եւ երեսփոխաններ: Իսկ վերջին տարիներին տեղական ընտրություններում, թե քաղաքապետական, թե շրջանային, աջակողմյանները պարտություն կրեցին: Ուստի Սենատի ընտրությունը հետեւանքն է վերջին տարիների տեղական ընտրությունների»,- նշեց Հիլդա Չոբոյանը:

Վերջինիս խոսքով, սա մեծ ձախողում էր աջակողմյան կուսակցությունների համար, Սարկոզիի համար, բայց ինքնին վերջնական նշանակություն չունի: «Չի նշանակում, որ Սարկոզին բոլոր շանսերը կորցրել է ընտրվելու համար: Անշուշտ ժողովրդի մեջ մեծ հիասթափություն կա Սարկոզիի նկատմամբ, սակայն դեռ վաղ է կանխատեսումներ անելու համար»,- նկատեց Չոբոյանը:

Խոսելով հայկական հարցերում այս ընտրության հնարավոր ազդեցության մասին` Հիլդա Չոբոյանը նկատեց, որ «դրական է, որ ձախակողմյանները հաղթանակ են տարել»: «Բայց նաեւ ասեմ, որ վերջին հարցի` Ցեղասպանության ուրացման պատժելիության օրենքի արծարծման ժամանակ ոչ բոլոր ձախակողմյաններն էին համաձայն: Համայնավարները (կոմունիստները-խմբ.) ցանկանում էին այդ օրենքն անցկացնել, սոցիալիստները երկու մասի էին կիսված, այնպես որ ուղիղ հետեւանք չի կարելի սպասել այս ընտրություններից որեւէ հարցի շուրջ, թե նախագահական ընտրությունների, թե հայկական հարցերի ուղղությամբ»,- ամփոփեց Հիլդա Չոբոյանը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 25-ին, Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կեսի ընտրություններ են կայացել: Ընդհանուր առմամբ, ընտրվել են 348 սենատորներից 170-ը: Ընտրություններում ձախերը լրացուցիչ 23 տեղ են ստացել Սենատում: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պահպանողական կառավարությունը կորցրել է մեծամասնությունը երկրի խորհրդարանում: 5-րդ հանրապետության  պատմության մեջ առաջին անգամ (1958-ից ի վեր), նախագահական ընտրություններից 7 ամիս առաջ Սենատում հաղթանակ են տոնել ձախերը:

Ընդհանուր առմամբ, Սոցիալիստական կուսակցությունը Սենատում կունենա 175 պատգամավոր, ինչն նրանց համար ապահովում է մեծամասնություն, հաղորդում է Reuters-ը: Իշխող «Ժողովրդական շարժման աջակցության միությունն» արդեն ճանաչել է ձախերի հաղթանակը: