Սուդանի բանակն ուրբաթ օրը հայտարարել է, որ համաձայնել է երկրում եռօրյա ժամկետով հրադադար պահպանել։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը փոխանցում է, որ սուդանի բանակը համաձայնել է եռօրյա ժամկետով զինադադարի՝ սկսած ուրբաթ օրվանից։

Ինչպես նշել է զինված ուժերի ներկայացուցիչը, բանակը «հույս ունի, որ ապստամբները նույնպես կպահպանեն հրադադարը և կդադարեցնեն ռազմական գործողությունները»։ Սուդանի բանակի ներկայացուցիչները սկսած վերջին ժամանակներից ապստամբներ են անվանում իրենց դիմակայող արագ արձագանքման ուժերի (հատուկ ուժեր) ջոկատներին։

Հինգշաբթի երեկոյան արագ արձագանքման ուժերը միջազգային միջնորդությամբ հայտարարեցին Սուդանի բանակի հետ զինադադարի մասին՝ մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր տոնի (Իդ ալ-Ֆիտր) մեկնարկի ըթացքում: Որպես երաշխավորներ նշվել էին Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։ Սակայն, ուրբաթ առավոտյան Սուդանի բանակը հայտարարեց, որ չի պատրաստվում պահպանել հրադադարը։