Իրաքի կառավարությունը ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ պայմանագիր է կնքել` F-16 տիպի 18 բազմաթիրախ կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ:
Ամերիկյան զինվորականները գործարքը գնահատում են շուրջ 3 մլրդ դոլար, իսկ իրաքյան կողմը հստակ թիվ չի նշում:
ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ այս բանակցություններն ընթացել են մի քանի տարի: 2008-ի սեպտեմբերին ամերիկյան Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Իրաքի կառավարությունը նախատեսում է ԱՄՆ-ից F-16 տիպի 36 կործանիչներ գնել, որը թույլ կտա նվազեցնել կախվածությունը երկրի տարածքում գտնվող ամերիկյան հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանումներից:
Այդ ժամանակ, պարբերականը նշում էր, որ այդ գործարքի կնքումից հետո Իրաքի իշխանությունները կստանան հզոր զենք` շիա եւ սուննի գրոհայինների դեմ պայքարում, ինչպես նաեւ կապահովագրեն իրենց հարեւանների հնարավոր հարձակումներից:




























