ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հաջորդ նախագահի հետ, անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարք Թոները, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով 2012-ի ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրվելու Վլադիմիր Պուտինի մտադրությունը:

Նրա խոսքով, ռուս ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր երկրի նախագահին, «սակայն այդ մարդու հետ աշխատանքը բխում է թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի, թե ողջ աշխարհի շահերից»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջերս կայացած համագումարում որոշում է ընդունվել նախագահի թեկնածու առաջադրել Վլադիմիր Պուտինին, իսկ նրա հաղթանակի դեպքում վարչապետ նշանակել Դմիտրի Մեդվեդեւին, ով այժմ զբաղեցնում է նախագահի պաշտոնը: