ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմակերպոթյան լիարժեք անդամ դառնալու մասին Պաղեստինի հայտը կքննարկի սեպտեմբերի 28-ին։ Սեպտեմբերի 27-ին այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահ Նավաֆ Սալյամը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցի քննարկման համար կհավաքվի չորեքշաբթի՝ 09։30-ին»,-ասել է նա։ Նման որոշում ընդունվել է Նյու Յորքում կայացած գաղտնի խորհրդակցությունների ընթացքում, որոնք ավարտվել են նախօրեին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը, սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին Պաղեստինի անկախությունը ճանաչելու եւ ՄԱԿ-ի լիարժեք անդամ դառնալու հայտ էր ներկայացրել, հաղորդվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։

Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը պատրաստ է աջակցել Պաղեստինի հայտին։ ԱՄՆ-ը դեմ է սրան եւ մտադիր է օգտվել «վետոյի» իր իրավունքից։ Այդ դեպքում Պաղեստինը կարող է ստանալ միայն ՄԱԿ-ում «դիտորդ պետության» կարգավիճակ, ինչը նրան թույլ կտա մասնակցել միջազգային կազմակերպություններին եւ դիմել միջազգային դատարան։