Թերթը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Այսօր ոստիկանության համակարգին առնչվող ամենաաղմկոտը շարունակում են մնալ Հովհաննես Թամամյանի եւ Մարգար Օհանյանի գործերը: Երկուսն էլ, փաստորեն, կալանավորված են: Ընդհանուր հասարակական տրամադրություններն այսպիսին են՝ եթե այս մակարդակներում նման վիճակ է, ուրեմն վերեւում մի բան այն չէ, ուրեմն կարելի է միայն ենթադրել, թե նրանցից վերեւում ինչ է կատարվում:

Բենզինի մասով ասեմ, որ դրա համար քրեական գործ է հարուցված, որի համար ցավում եմ, որ կապված էր Մարգար Օհանյանի հետ: Շատ ցավում եմ, մեր հարաբերությունների մասին բոլորը գիտեին: Նորմալ ընկերական, մարդկային հարաբերություններ էին: Մարգար Օհանյանը այդ մասին արդեն գիտեր, որ քննություն է կատարվում: Մինչեւ իր ձերբակալումը պնդում էր, որ ես կապ չունեմ: Մի անգամ եղավ ինձ մոտ եւ խնդրեց, թե «այսպիսի ինֆորմացիա ունե՞ք, ես խնդրում եմ ստուգեք. ուրեմն ես էլ եմ խաբված, ինձ էլ են խաբել, ես էլ եմ վիրավորված: Ստուգեք, մեղավորներին պատժեք», դրա մասին նա ասում էր մինչև իր ձերբակալումը: Հիմա չգիտեմ ինչ կասի, բայց նա մինչև վերջին պահը հրաժարվել էր: Ես ոչ թե դրանով ինչ-որ բան եմ ակնարկում, որ ես իմանայի ինքն էր՝ կներեի, ո՛չ, դա ներելու բան չէ:

Այսօր համակարգում վառելիքի լուրջ խնդիր ունենք, լուրջ պրոբլեմ կա: Կրճատումներ ունենք, որ համակարգը չի կարողանում իրեն հասանելիք ամբողջական բենզինը ստանալ: Այս պարագայում բենզին տանել և խանգարել համակարգի աշխատանքին... էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի մասին, որ տեսուչը բենզին չստանալով՝ պիտի անպայման ձեռնաքաշությամբ զբաղվի, որպեսզի վառելիք լցնելու համար գումար աշխատի: Ես դա ներել չէի կարող, անկեղծորեն եմ խոսում: Էլ չեմ խոսում մնացած պաշտոնյաների մասին, երկրի ղեկավարի մասին, որը իր հստակ պայմանները արդեն թելադրել է, մենք էլ պարտավոր ենք այս խաղի կանոններին ենթարկվել, այլապես ինքներս հանցագործություն ենք կատարում: Բենզինի մասին ես որեւէ պարզաբանում չունեմ, ինչ-որ լսել եք՝ այդ ամենը իրականություն է, իսկ ինչ վերաբերում է ավտոլվացումներին, արդեն ավարտել եմ ստուգումները, այնպես չէ, որ ամսական եղել է 30 միլիոն դրամ: Այդ ինֆորմացիան ճիշտ չէ ներկայացված: Օրինակ՝ տարեկան եղել է 30 միլիոն դրամ, մեկ անգամ եղել է 100 միլիոն դրամ, եթե չեմ սխալվում՝ 2009 կամ 2010 թվականին: Բայց ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ դրանից օգտվելու իրավունք ունի, մեքենաները պետք է մաքուր լինեն, դրա համար մենք գումար ենք նախատեսում, այնպես չէ, որ մեքենաները տանեն իրենց գումարներով լվանան: Բյուջեից այդ գումարները հատկացվում է, որ մեքենաները պետք է լվացված լինեն ու մաքուր, այլապես նրանք իրավունք չունեն դուրս գալ արտաքին ծառայության:

Մամուլում հրապարակումներ եղան, որ Մարգար Օհանյանի տեղակալը՝ Ստեփան Կարախանյանը, որի ցուցմունքների հիման վրա բերման էր ենթարկվել Օհանյանը, Հայաստանը լքել է:

Ես գիտեմ, որ այստեղ է: Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոցը փոխեց եւ ստորագրությամբ բաց թողեց, որովհետեւ նա քննությանը համապատասխան ցուցմունքներ տվեց, պարզաբանեց, եւ նրա մեղքը կոնկրետ բենզինի յուրացման հետ կապված՝ ուղղակի ինքը չէր: Պատճառաբանեց, որ ես ինքս չեմ ստացել, չեմ վերցրել, այնուհետեւ Մարգար Օհանյանի հետ կապվեց այդ ամենը, եւ Օհանյանը այս պահին կալանավորված է: Հետագայում կպարզվի, թե նա ուրիշ էլ ում հետ կարող էր բենզինը օգտագործել եւ ինչ ճանապարհով:

Տեղյա՞կ եք, որ Մարգար Օհանյանը Ձեր դեմ ցուցմունքներ է տալիս:

Ո՛չ: Ես տեղյակ չեմ այդ մասին եւ չգիտեմ ինչի մասին պետք է ցուցմունք տա: Ես չգիտեմ: