Սուդանի բանակը հայտարարել է արդեն մեկ շաբաթ շարունակվող ռազմական գործողությունների գոտուց օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու պատրաստակամության մասին՝ չնայած իսլամական Իդ ալ-Ֆիթր տոնի կապակցությամբ կրակը դադարեցնելու մասին պատերազմող կողմերի խոստումներին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ապրիլի 22-ի առավոտյան հարաբերական անդորրից հետո մարտերն ակտիվացել են. ավիահարվածներ են հասցվել պետական հեռուստառադիոընկերության շենքին, մի քանի շրջաններում փոխհրաձգություններ են ընթացել:
Բանակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը առաջիկա ժամերին տարհանելու են դիվանագետներին եւ այլ քաղաքացիների Սուդանի մայրաքաղաք Հարթումից։
Հարթումի միջազգային օդանավակայանը հայտնվել է պատերազմական գոտում, իսկ մյուս օդանավակայանների կարգավիճակը նույնպես պարզ չէ:
Սուդանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Չեռնովոլը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է տարհանվել Սուդանից եւ տարհանման դեպքում դուրս կբերի ԱՊՀ քաղաքացիներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սուդանում հակամարտության պատճառ են դարձել միջազգային հանրության կողմից նոր քաղաքացիական կառավարության ձեւավորման ծրագրի շուրջ տարաձայնությունները: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են անցումային շրջանը խոչընդոտելու մեջ։
ԱՀԿ-ն հայտնել է, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր արդեն 413 մարդ է զոհվել, 3551-ը՝ վիրավորվել:





























