Վերջին օրերին քաղաքում լուրեր են շրջանառվում, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկին` Կարեն Հունանյանին տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրերը` ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքել է դրանք եւ հայտնել, որ Հունանյանը միայն մեկ անգամ է բողոքել իր առողջական վիճակից: «Նա մեկ անգամ պրոֆիլակտիկ բուժզննում է անցել: Իրեն բժիշկները ստուգել են, ոչինչ չեն հայտնաբերել, մեկ անգամ ուղղակի բողոքել է փորկապությունից: Բուժում է ստացել համապատասխան, ներկայումս առողջական վիճակը բավարար է, բողոքներ չունի»,- նշել է Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ Կարեն Հունանյանը եղբոր` Նաիրի Հունանյանի եւ երեք այլ անձանց հետ 1999թ. հոկտեմբերի 27-ին ներխուժել էր Ազգային Ժողով եւ ահաբեկչություն իրականացրել: Ոճրագործությանը զոհ էին գնացել վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, պետական այլ այրեր: Մի քանի տարի տեւած դատավարության արդյունքում Կարեն Հունանյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ ներկայումս պահվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:




























