Սուդանում Եգիպտոսի դեսպանության աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել, կիրակի հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը՝ ընդգծելով երկրից անվտանգ տարհանման ծրագրի մշակման անհրաժեշտությունը, հաղորդում է Al Arabiya-ն։
Աբու Զեյդը չի ճշտել, թե երբ է պատահարը տեղի ունեցել, բայց ընդգծել է, որ այս իրադարձությունը «ևս մեկ անգամ ընդգծում է առավելագույն զգուշավորություն դրսևորելու անհրաժեշտությունը,որպեսզի պահպանենք մեր քաղաքացիների և Սուդանում մեր առաքելությունների աշխատակիցների անվտանգությունը»։
«Եգիպտական դիվանագետների էթիկան պահանջում է, որ նրանք ասպարեզը վերջինը լքեն՝ համոզվելով, որ Սուդանը լքել ցանկացողների տարհանման գործողությունն ավարտվել է»,- ասել է նա։
Սուդանում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակվում է բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի զորքերի և նրա նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագլոյի Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) միջև հակամարտությունը, որն առաջացել է ԱԱՈՒ-ի բանակում ինտեգրվելու վեճի պատճառով։
Եգիպտոսը, որը ավելի քան 10 000 քաղաքացի ունի Սուդանում, կիրակի նաև կոչ է արել Հարթումի սահմաններից դուրս եղած իր քաղաքացիներին հավաքվել Պորտ-Սուդանի հյուպատոսությունում և Եգիպտոսին սահմանակից Վադի-Խալֆի հյուպտոսական բաժանմունքում՝ տարհանմանը նախապատրաստվելու համար։




























