Շուրջ 3000 գաղթյալներ կիրակի դուրս եկան զանգվածային բողոքի քայլերթի հարավային Մեքսիկայով՝ պահանջելով դադարեցնել ներգաղթյալների   պահման կենտրոնների աշխատանքը, նման նրան, որն այրվեց անցած ամիս, ինչի հետևանքով 40 ներգաղթյալ զոհվեց, հաղորդում է  The Associated Press-ը։

Ներգաղթյալները ճանապարհ ընկան կիրակի վաղ առավոտյան Տապաչուլա քաղաքից, որը մոտ է Գվատեմալայի հետ սահմանին։ Նրանք ասում են, որ իրենց նպատակը Մեխիկո հասնելն է, որպեսզի պահանջեն փոխել ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը։

Սակայն անցյալում այդպիսի քայլերթերի մասնակիցներից շատերը  ճանապարհը շարունակում էին մինչև ԱՄՆ-ի սահմանը։ Ներգաղթյալները հիմնականում Կենտրոնական Ամերիկայի, Կուբայի, Վենեսուելայի, Էկվադորի և Կոլումբիայի քաղաքացիներ են։

Ցույցի կազմակերպիչ Իրինեո Մուխիկան հայտարարել է, որ ներգաղթյալները պահանջում են արձակել երկրի ներգաղթի գործակալությունը, որի աշխատակիցներին մեղադրում են մարտի 27-ին տեղի ունեցած հրդեհի մեջ։ Մուխիկան ներգաղթյալների պահման կենտրոնները «բանտ» է անվանել։