Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը մարզում հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերված որոշ չարաշահումների հարցում իրեն մեղավոր չի ճանաչում եւ իր հասցեին ոչ մի մեղադրանք չի ընդունում։ Այս մասին նա հայտարարեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
«Իմ հասցեին ոչ մի տեսակի մեղադրանք չեմ ընդունում։ Առաջադրված ոչ մի կետով ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ընդգծեց Հովակիմյանը՝ ավելացնելով, որ իր այս համոզմունքը պատրաստվում է բարձրաձայնել նաեւ դատարանում։ «Գործն արդեն դատարանում է։ Սպասում եմ, տեսնեմ՝ դատն ինչով կվերջանա»,- նկատեց նա՝ միաժամանակ հավելելով, որ դատական առաջին նիստի օրը դեռեւս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում:
Մասնավորապես պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, նույն մարզի Գինեվետի գյուղապետ Մ. Սանթոյանին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե Գինեվետի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հա հանդիսանում է արդյունաբերական նշանակության: Ըստ նախաքննության նյութերի` Գինեվետի գյուղապետը հրավիրել է ավագանու նիստ` 30 հա հողամասը որպես արդյունաբերական տարածք ներկայացնելու, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու եւ արդյունաբերական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու համար։



























