Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն սեպտեմբերի 27-ին ընդունել է Սիդնեյի (Ավստրալիա) Համազգային «Արշակ եւ Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին եւ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել նրանց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից:
«Վստահ եմ, որ ձեր այս այցելությունն իր դրոշմը պիտի թողնի ձեր հոգիներում եւ դուք, առավել զորացած հայկական զգացումների մեջ, հպարտ ձեր ազգային ինքնությամբ` պիտի վերադառնաք առավել նախանձախնդրորեն ձեր ուսումը շարունակելու, արժեքավոր զավակներ լինելու եւ ձեր կարեւոր մասնակցությունը բերելու հայ կյանքի առաջընթացին», - նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը` երիտասարդներին հորդորելով ամուր եւ հաստատուն պահել սերը Հայ եկեղեցու եւ հայ ինքնության նկատմամբ, ծառայություններ ստանձնել հայ կյանքից ներս` դրսեւորելով ստեղծագործական ոգի եւ նախանձախնդրություն:
Նա նշել է, որ Համազգային ճեմարանի մանկավարժներն եւ տնօրինությունը նախանձախնդիր են, որ իրենց զավակները կրթվեն հայի ոգով եւ ազգային գիտակցությամբ: Այնուհետեւ Գարեգին Բ-ն պատասխանել է սաներին հետաքրքրող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու ներկայիս կյանքին ու մեր ժողովրդի մեջ նրա ստանձնած առաքելությանը:
Նշենք, որ համազգայինի 10-րդ եւ 11-րդ դասարանների 35 սաները հայրենիք են այցելել ճեմարանի 25-ամյակի առիթով:




























