Հայաստանի հետ սահմանին անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հինգշաբթի ընդունելով Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննային։

«Նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ ադրբեջանա-հայկական սահմանին՝ Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի ստեղծումը երկրի ինքնիշխան իրավունքն է եւ նրա տարածքային ամբողջականության ապահովման արտահայտությունը»,- ասել է Ալիեւը։

Ալիեւը Հայաստանին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող  պարտավորությունները չկատարելու մեջ։ Այս առնչությամբ նա ընդգծել է, որ Հայաստանը «թույլ չի տալիս Նախիջեւանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, եւ Լաչինի միջանցքը օգտագործել է Ղարաբաղ զենք, զինամթերք եւ ռազմական նշանակության այլ միջոցներ տեղափոխելու համար»։

Իր հերթին, ֆրանսիացի նախարարը նշել է, որ իր երկիրը «ցանկանում է խաղաղություն, տնտեսական եւ սոցիալական զարգացում Ադրբեջանում եւ ամբողջ Հարավային Կովկասում»: