«Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերն ու խոսակցությունները, թե Գյումրիում ընթացող բնակարանաշինության երկրորդ փուլի աշխատանքները դադարեցվել են կամ դադարեցվելու են, ես սա հայտարարում եմ ի պաշտոնե»,- այսօր` սեպտեմբերի 27-ին, Գյումրի կատարած այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
«Վերջին օրերին նման ահազանգեր ստանում է նաեւ քաղաքաշինության նախարարությունը, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, չեմ կարող ասել»,-հավելել է Վարդան Վարդանյանը: Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ շինարարության դադարեցման համար որեւէ նախադրյալ չկա, ֆինանսավորումը ժամանակին կատարվում է, չկա նաեւ աշխատուժի խնդիր, ներկա պահին նախարարի տվյալներով Գյումրիի Մուշ թաղամասի շինհրապարակում 1000-ից ավելի աշխատող կա:
NEWS am-ի թղթակցի այն հարցին, թե այդ պարագայում երեկ կեսօրից սկսած ի՞նչ ճանապարհով են տուն ուղղարկվել շինարար-վարպետներն ու բանվորները, նախարարը պատասխանել է, թե գուցե ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքներն ու արդյունքում աշխատուժն է պակասեցվել: Վարդան Վարդանյանը նշել է նաեւ, որ Գյումրիում բնակարանաշինությունը վերհսկվում է Սերժ Սարգսյանի կողմից, իսկ շինաշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համապատասխան:




























