Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Արտաշես Գալստյանն անարդար է համարում իրեն աշխատանքից ազատելու որոշումը եւ պատրաստվում է հանդես գալ դատական հայցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտաշես Գալստյանը` հավելելով, որ ինքը զայրացել է  այդ որոշումից եւ այժմ բարձր ճնշմամբ տանը պառկած է:

Նշենք, որ առողջապահության նախարարության հանձնաժողովը Վայոց ձորում  ուսումնասիրություններ կատարելու եւ նյութեր հավաքելուց հետո փաստել էր, որ «կան որոշակի բացթողումներ»: Հարություն  Քուշկյանի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի խոսքով` այդ բացթողումները նկատի ունենալով սեպտեմբերի կեսերին նամակ է ուղարկել մարզպետին եւ առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը:

«Ես կարող եմ ապացուցել, որ այն պարտականությունները, որոնք պետք է կատարեի, որպեսզի ծննդօգնությունը իրականացվեր, ես արել եմ, դիմել եմ համապատասխան մարմիններին`եւ նախարարությանը, եւ մարզպետին, թե ինչպիսի իրավիճակ է տիրում, ինչ մասնագետների, սարքավորումների կարիք ունենք, այդ բոլորը գրավոր պահպանվում է: Ինքս չեմ կարող գույք գնել, սարքավորում ձեռք բերել, փորձել եմ Բժշկական համալսարանի հետ կապեր հաստատել, որպեսզի գան Վայոց ձորում աշխատեն, բայց չեն ուզում մարդիկ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշես Գալստյանը` հավելելով, որ ինքը չի հասկանում` ինչում է իր զանցանքը կամ թերացումը: Նա  նաեւ նշեց, որ 8 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը եւ երբեւէ մարզպետն իրեն դիտողություն չի արել, ընդհակառակը` միշտ ասել է, որ գոհ է իր աշխատանքից:

Արտաշես Գալստյանի խոսքով`առողջապահության նախարարության հանձնաժողովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես` այնտեղ նշվում է, որ Վայքը չի ունեցել նեոնոտոլոգ, անեսթեզիոլոգ, որն, ըստ նրա, չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ նախքան Արտաշես Գալստյանին աշխատանքից ազատելը պետք է ծառայողական քննություն անցկացվի, ուսումնասիրեն աշխատանքից ազատելու համար ներկայացված փաստերը, նաեւ :քաղաքացիական ծառայողական խորհրդի եզրակացությունը պետք է լինի:

Մյուս անձը, ում վերաբերյալ Առողջապահության նախարարը նամակ է ուղարկել մարզպետին եւ առաջարկել աշխատանքից ազատել, «Վայքի ԲԿ» ՓԲԸ տնօրեն  Ռոբերտ Ասլանյանն է, ով  NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այժմ առողջական խնդիրների պատճառով բյուլետենի մեջ է եւ տեղյակ չէ այդ մասին: «Ես կարծում եմ` առանց դատաբժշկական փորձաքննության, առանց դատական պրոցեսների ավարտի մեղադրանքներ եւ պատիժներ բաժանելը ժամանակավրեպ է»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Ասլանյանը: Նրա կարծիքով` ինքը որեւէ պարտավորության մեջ չի թերացել: Այնուհանդերձ, եթե նրան ազատեն աշխատանքից, տնօրենը դեռ չգիտի` որոնք կլինեն իր հետագա քայլերը: Մեզ չհաջողվեց կապվել Մետաքսյա Հովհաննիսյանի հետ, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):