Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, հայտնվել է տեղական հեռուստաալիքի՝ սեպտեմբերի 20-ին թվագրված տեսահոլովակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ին։
Երեքշաբթի ArRai TV-ի եթերում հայտնված հոլովակի իսկությունը պարզված չէ։ Տեսագրության մեջ զինվորական հագուստով եւ զենքով տղամարդ է, ում հեռուստաալիքը ներկայացնում է որպես Սեյֆ ալ-Իսլամ։ Նա իր կողմնակիցներին կոչ է անում գրավել Տրիպոլին։ «Դա ձեր նախնիների հողն է, մի տվեք այն։ Եղբայրներ, պետք է գրավել Տրիպոլին, ես ձեզ զենք կտամ»։
Այն, թե որտեղ է կատարվել տեսագրությունը, չի հաղորդվում։ Հնարավոր է՝ դա Սիրտ քաղաքը լինի։
Քադաֆիի որդին հանրության առաջ չի հայտնվել ընդդիմադիրների կողմից Տրիպոլիի գրավումից ի վեր։ Վերջին տեսագրությունը, որում կա Սեյֆ ալ-Իսլամը, թվագրված է օգոստոսի 23-ին։
Հունիսին Միջազգային քրեական դատարանը Քադաֆիի, նրա որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի եւ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Աբդուլա աս-Սենուսսիի ձերբակալման օրդեր էր տվել։




























