Ադրբեջանի կողմից Հակարիի կամուրջը փակելու հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված՝ Արցախի Մեծ Շեն գյուղի հինգ բնակիչները, որոնք կամրջի փակվելու հետեւանքով մնացել էին Գորիսում, վերադարձել են գյուղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Դավթյանը:

Նրա խոսքով՝ բնակիչները Գորիս էին գնացել սննդամթերք գնելու:

«Հիմա ասում են, թե «էկոակտիվիստները» բացել են ճանապարհը, բայց իրականում իրենք հոգնել, գնացել են, իրենց փոխարեն եկել են ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչները: Մենք մնում ենք լիակատար շրջակման մեջ»,- ասաց Դավթյանը:

Գյուղապետի խոսքով՝ այս պահին դեղորայքի խնդիր գյուղում չկա: 

«Միայն շտապ օգնության խնդիրն է միշտ առկա մնում, եթե մարդ վատանա գյուղում, ինչպե՞ս է ավտոմեքենան հասնելու՝ չգիտենք: Սննդի պաշարներն էլ օրեցեօր ավարտին են մոտենում, յուրաքանչյուրն իր տան պահուստից է օգտվում»,- ասաց Դավթյանը: