Արցախի հասարակությունը պատասխան է սպասում՝ սեփական իշխանությունից, Մոսկվայից, Երեւանից եւ Արեւմուտքից։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական մամուլում տարածված տարօրինակ տեսանյութը, թե ինչպես են Արցախի մի խումբ քաղաքացիներ հատում Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչին) միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը։
«Այն, ինչ կատարվել է, մի կողմից աղաղակող միջադեպ է, հայատյացության օրինակ, մյուս կողմից՝ որոշ չափով ճանապարհային քարտեզ, նրանց մտադրությունների ցուցիչ։ Անցակետը կոչված է կարճ ժամանակում վերածվելու ձերբակալման կետի, ահաբեկման կետի, շորթման կետի, մարդկանց առեւանգման կետի։ Մենք գիտենք, թե դա ինչ է, մենք դա տեսել ենք, երբ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը 1991 թվականին Ստեփանակերտի օդանավակայանում էր եւ այն, որ նրանք ցույց են տալիս, թե իբր ինչքան լավն են, ստուգում են, բաց են թողնում, ոչ այլ ինչ է, քան սեւ PR՝ իրական ակցիայից առաջ։ Սա շատ նման է նրան, թե ինչպես էր Հիտլերը Կարմիր խաչի համար էքսկուրսիաներ կազմակերպում որոշ համակենտրոնացման ճամբարներով։
Դրանից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները, ի դեպ, կազմակերպությունը մինչ օրս չի կարողանում մաքրել այդ ամոթը, գրել էին, որ այնտեղ շատ լավ պայմաններ են։ Այսինքն, այն, ինչ իրականում անում է Ադրբեջանը, նկարահանելով այդ գովազդային հոլովակները, ցույց է տալիս միջազգային հանրության այն ներկայացուցիչներին, ովքեր սպասում են նման տեսանյութերի, որ Ադրբեջանն այնքան էլ վատը չէ, դրանով իսկ միջազգային հանրության այս ներկայացուցիչները փորձում են արդարացնել իրենց պասիվությունն ու անգործությունը։ Երկրորդ՝ սա ուղղված է հայ հասարակության այն ներկայացուցիչներին, այն հատվածին, որը չի սիրում արցախցիներին, որն ուզում է արդարանալ, որ չի սիրում, որ տեսնում եք՝ ամեն ինչ լավ է։ Ժամանակին նույն PR ակցիաներն անցկացվում էին Թուրքիայի օդանավակայաններում։ Իսկ ոմանց նույնիսկ կարող է թվալ, թե ադրբեջանցիները բավականին լավ, կիրթ մարդիկ են։ Իսկ ինչ կլինի հետո, ոմանք չեն ուզում լսել, եւ նույնիսկ մտածել: Բայց մենք պարտավոր ենք դրա մասին մտածել, մենք դա զգում ենք անմիջապես մեր վրա։ Եվ շատ շուտով դիմակները կպոկվեն, եւ անցակետը կդառնա այն, ինչի համար ստեղծվել է՝ ահաբեկման կետ։ Այդ պատճառով արցախյան հասարակությունը սպասում է պատասխանների։ Առաջին հերթին՝ սեփական իշխանություններից։ Երկրորդ՝ մենք պետք է շատ լուրջ խոսենք Մոսկվայի հետ՝ եղբայրաբար, բայց անկեղծ ու կոշտ։ Երեւանի հետ խոսենք, հստակություն մտցնենք, եւ իհարկե Արեւմուտքի հետ խոսենք։ Որովհետեւ մենք պետք է հասկանանք՝ թող նրանք պաշտոնապես հայտարարեն, որ պատրաստ են ժողովրդավարական պետությանը հանձնել տոտալիտար ռեժիմի հոշոտմանը։ Եթե պատրաստ չեն, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն։
Մոսկվան այս հարցում առաջին հերթին հանդես է գալիս որպես երաշխավոր՝ արտահայտվելով Լենինի խոսքերով խաղաղության մասին Բրեստի՝ 20-րդ դարի այս անամոթ պայմանագրի։ Թող մեզ պատասխան տան, սպասում ենք»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։
Մարիամ Լեւինա





























