ՀԱԿ-ի եւ իշխող կոալիցիայի երկխոսության գլխավոր թեման պետք է դառնա մարտի 1-ի զոհերի հարցը, ոչ թե արտահերթ ընտրությունները: Նման կարծիք է հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա կարծիքով, ՀԱԿ-ը պետք է այդ թեման որպես առաջնային ներկայացներ, քանի որ պատասխանատվություն է կրում 2008 թվի մարտի 1-ի զոհերի համար: «Մարտյան դեպքերի 10 զոհերի մեղքն ընկած է իշխանությունների, իսկ պատասխանատվությունը` ընդդիմության վրա: Հենց նրա կոչով մարդիկ հավաքվեցին: Պետք չէ մոռանալ, որ այդ 10 զոհերը անկուսակցական են եղել եւ ներքաղաքական բախումներին չէին պատրաստվում մասնակցել: Այդ մասին պետք չէ մոռանալ: Այդ պատճառով օրակարգի գլխավոր խնդիրը պետք է դառնան ոչ թե արտահերթ ընտրությունները, այլ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը»,-ասել է Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-իշխանություն բուն երկխոսությանը, ապա ընդդիմությունն ի սկզբանե լուրջ հույսեր չպետք է կապի դրա հետ: «Իշխանությունը երկխոսություն սկսեց, քանի որ դա նրան ձեռնտու էր, եւ այն ժամանակ, երբ նրան ձեռք էր տալիս: Նույն կերպ նա վարվեց քաղբանտարկյալների հետ»,-նշել է քաղաքագետը: ՀԱԿ-ը դուրս եկեվ երկխոսությունից, քանի որ սխալ խաղադրույքներ էր կատարել, կարծում է քաղաքագետը:




























