Սերժ Սարգսյանն այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով կարողացավ համահայկական գաղափարներ ներմուծել. հենց այդ պատճառով նա օժանդակություն ստացավ ոչ միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Այդ մասին, սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա կարծիքով, պետք չէ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը կապել Վլադիմիր Պուտինի` նախագահին պաշտոնին հավանական վերադարձի հետ: «Եթե նա որոշի վերադառնալ, ապա ավելի լավ, եթե ոչ` դա նրա ընտրությունն է»,-ասել է Սահակյանը:
Հանդիպման մեկ այլ մասնակից` Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, կախված նրանից, թե Սերժ Սարգսյանը ինչ քաղաքականություն կնախընտրի վարել ղարաբաղյան հարցում, Հայաստանի նախկին նախագահներից որեւէ մեկը կհայտնվի ընդդիմադիր ճամբարում:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առանց ղարաբաղյան հակամարտության լուծման եւ բաց սահմանների Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ: Քոչարյանն, ընդհակառակը, պնդել է, որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է Հայաստանին. աճում է հավանականությունը, որ դա մի օր պաշտոնապես ամրագրվի: Այդ հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը դեռ կարծիք չի հայտնել: Սակայն իշխանությունն ընտրության առաջ է. ինչով բացատրել վերջին 3 տարիների տնտեսական փլուզումը: Կամ իշխանության անգործությամբ, կամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի` փակ սահմանների մասին փաստարկումներով: Եթե Սերժ Սարգսյանն ընտրի երկրորդ տարբերակը, ապա գլխավոր ընդդիմադիր ուժը կդառնա Ռոբերտ Քոչարյանը»,-համոզված է Հովհաննիսյանը:




























