Կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսության գնալը ինքնանպատակ չէր։ Այսօր` սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը։
Նրա խոսքով, այսօր կարելի է երկխոսության ընթացքի մի քանի տարբերակ քննարկել։ Դրանցից առաջինը հետեւյալն է. ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորոթյամբ, կարող է կոչ հնչեցնել, որ ամեն գնով գնում է իշխանափոխության՝ հաշվի չառնելով ոչ ղարաբաղյան հարցը, ոչ պետական շահերը։ «Բայց բարեբախտաբար ՀԱԿ-ն այս ամենը ծանրութեթեւ է անում եւ գերակայությունը տալիս է երկրի շահին ու Ղարաբաղի հարցին։ Ցավոք սրտի, իշխանություններն այս հարցում այնքան էլ մտահոգ չեն։ Իշխանության հետ երկխոսության ընդդիմությունը գնաց հենց այդ մտահոգությամբ՝ հուսալով, որ նա կհասկանա եւ սահուն կերպով, երկխոսության միջոցով իշխանությունը կփոխանցի ժողովրդին։ Սակայն եկավ այն պահը, երբ մենք համոզվեցինք, որ իշխանությունը երբեք այդ բանը չի անի»,- նկատեց Մակեյանը։
ՀԱԿ ներկայացուցչի տրամաբանությամբ, հնարավոր մյուս քայլը հերթական ընտրությունների գնալն է։ «Դա նույնքան վտանգավոր է, որքան նախորդ ճանապարհը։ Այդ ժամանակ լճացումը խորանալու է։ Մնում է ամենաբարդ ճանապարհներից մեկը, որ ընտրել է ՀԱԿ-ը, այն է՝ աշխատել ժողովրդի հետ, փորձել հասարակությանը բերել հրապարակ եւ ժողովրդի ճնշման տակ վարչակազմին պարտադրել գնալ արտահերթ ընտրությունների»,- նշեց Պետրոս Մակեյանը։
Նրա խոսքով, իշխանությունները ստեղծված իրավիճակում ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ փորձում հանգստացնել նրան։ Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը փափուկ բարձ չի՞ դնում մարդկանց գլխի տակ՝ նրան Ազատության հրապարակից տուն ուղարկելով, Մակեյանը պատասխանեց. «Կարելի է նաեւ այդ գնահատականը տալ»։




























