Հայ ազգային կոնգրեսը ցանկացած պահի հնարավորություն ունի կրկնել արաբական հեղափոխություների տարբերակը, բայց նման քայլ չի ցանկանում կատարել։ Այսօր` սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը։

«Ժողովուրդը դեռ այն ժամանակ դուրս էր եկել հրապարակ, բայց Ռոբերտ Քոչարյանի նման մեկը գիշերով ժողովրդին ջարդեց, հետո էլ կրակեց։ Դրանից հետո իրավիճակը փոխվեց։ Ի՞նչ ճանապարհով ՀԱԿ-ը պետք է վերցներ իշխանությունը»,- հռետորական հարց հնչեցրեց նա՝ նշելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածում էր՝  կա Սահմանադրական դատարան եւ բողոքարկման քայլի կգնա։ Մակեյանը նկատեց, որ ՀԱԿ-ը ժողովրդին կրկին բերելու է Ազատության հրապարակ եւ պարտադրելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ասուլիսին ներկա մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ Սերժ Սարգսյանը ցանկություն չունի հրաժարական տալ եւ որ դրա համար ոչ քաղաքական, ոչ սոցիալական, ոչ էլ այլ տեսակի հիմքեր չկան։ «Իհարկե, որոշ խավ կա, որի վիճակը դժվար է, արտագաղթ եւս կա, բայց սրանք գլոբալ գործընթացների հետեւանք են»,- նշեց նա։ 

Մինասյանի խոսքով, հերթական խորհրդարանական ընտություններից մի քանի ամիս առաջ արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարելը դուրս է տրամաբանությունից, սակայն  իշխանությունը պատրաստ է եւ քաղաքական կամք ունի վերսկսել երկխոսությունը։ Նշենք, որ երկխոսությունը ՀԱԿ-ի կողմից դադարեցվել էր օգոսոսին։ Ընդդիմությունը հայտարարել էր, որ այն չի վերսկսի, քանի դեռ ազատ չի արձակվել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։