Հոգեւոր ծառայողները ինքնասպանություն գործած անձանց համար հոգեհանգստի արարողություն չեն անցկացնում, եթե խոսքը գնում է գիտակցված ինքնասպանւթյան մասին, եւ նման վարքի հիմքը Աստվածաշունչն է։ Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց քահանա Բաբկեն Հայրապետյանը։

«Ի՞նչ է նշանակում հոգեբույժ բառը, «հոգի» բառի արմատը (փսիխի հոգի, փսիխիատրոս՝ հոգեբույժ, հոգու բժիշկ՝ խմբ.) սակայն հարցը նրանում է, թե կարող է արդյոք հոգեբույժը ճանաչել մարդու հոգին։ Ես չգիտեմ։ Մարդու հեգեւոր վիճակը կապված է հոգու հետ, սակայն այդ հասկացությունը խեղաթյուրվել է, ի հայտ են եկել տարբեր գիտությունների հատուկ իրականությունը խեղաթյուրելու համար: Երբ Քրիստոսին խաչում էին, նա դիմեց իր Հորը հետեւյալ խոսքերով. «Ներիր նրանք, քանզի նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում»: Եվ հիմա գողը գողություն է անում եւ ասում, որ Աստված ողորմած է, կհասկանա, այսինքն նա ի սկզբանե ցանկություն չունի ապաշխարհելու: Մարդասպանը գնում է սպանության, ասելով, որ Աստված ողորմած է, նա կհասկանա, որ ես պետք է վրեժ լուծեի, նույնն է անում նաեւ հայրենիքի դավաճանը: Այսինքն, եթե մարդը գիտակցված գնում է ինքնասպանության, նա Աստծո համար մոլորյալ որդի է: Իսկ որտեղ կորուստն է, այնտեղ Սատանան է: Կորուսյալ որդիներ են այն մարդիկ, ովքեր գիտակցված գնում են ինքնասպանության»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե արդյոք հոգեբուժությունը գիտությո՞ւն է համարում, քահանան պատասխանեց. «Ես հոգեբուժությունը համարում եմ որպես գիտություն, սակայն հիմնական եմ համարում աստվածաշնչյան խոսքը: Ես չեմ կարող հիմք ընդունել հոգեբանի խոսքը կամ եզրակացությունը: Մենք շատ հաճախ հարցնում ենք հոգեբանին, հիվա՞նդ էր ինքնասպան եղած անձը, եւ եթե նա հաստատում է, ապա հիմք է ընդունվում նրա եզրակացությունը եւ հոգեհանգիստ է կատարվում»:

Մեկնաբանություններին, որ գիտականորեն ապացուցված է, որ մարդը ինքնասպանություն է գործում միայն աֆեկտի վիճակում, հետեւաբար, ինքնասպանության պահին գտնվում է անհավասարակշիռ վիճակում, քահանան ասաց. «Այդ պահին, այո, իսկ մինչ այդ ինքնասպանը պլանավորում է իր ինքնասպանությունը: Մարդը նախօրոք է ծրագրում իր կյանքն այդպես»:

Հարցին, թե ինչպե՞ս է եկեղեցին որոշում, տվյալ ինքնասպանությունը գիտակցվա՞ծ է, թե՞ չգիտակցված, Հայրապետյանը պատասխանեց. «Հիմնականում, եթե կան տվյալներ, որ ինքնասպանը հաշվառված է եղել հոգեբուժարանում, հետեւաբար, այդ մարդը ինքնասպան է եղել չգիտակցված: Սակայն լինում են դեպքեր, երբ հարազատները հայտնում են, որ ինքնասպանությունն իրականացվել է աֆեկտի վիճակում եւ այն չի եղել կանխամտածված, որ կեղծիք գործելու մեղքն ընկած է նրանց վրա մենք հոգեհանգստի կարգ ենք մատուցում»:

Նշենք, որ հոգեբանների վստահեցմամբ, ինքնասպան եղածներից ոչ-ոք նորմալ վիճակում ինքնասպան չի լինում, բոլոր ինքնասպաններն էլ գտնվում են աֆեկտի վիճակում:

Հատկանշական է, որ եկեղեցին ծանրակշիռ փաստարկ է համարվում մարդուն հոգեբուժարան տեղափոխելու համար, նրա հոգեկան վիճակի մասին հոգեբույժի եզրակացությունը, իսկ նույն հոգեբույժների եւ մասնագետների տեսակետը, որ ցանկացած ինքնասպանություն հոգեկան անհավասարակշիռ վիճակի հետեւանք է եւ ապացույց, որ մարդն այդ պահին մեղսունակ չէ, եկեղեցին չի ընդունում: