Հայաստանի բնապահպանության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման 2012 թ. միջոցառումների ծրագիրը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ 8.5 մլն եվրո կհատկացվի Գավառի, Մարտունիի, Վարդենիսի մաքրման կայանների, Սեւան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության եւ վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Արժեքավոր եւ հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովման նպատակով պետբյուջեից կծախսվի 60 մլն դրամ:

Միջոցներ կհատկացվեն նաեւ կենդանական ռեսուրսների, այդ թվում  ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման եւ օգտագործման թույլատրելի չափաքանակների որոշման նպատակով: Լճի շրջակայքում կմաքրվի մոտ 300 հա անտառաշերտ, այդ նպատակով կծախսվի 125 մլն դրամ: Կիրականացվեն նաեւ այլ ծրագրեր:

Նշենք, որ նմանատիպ ծրագրեր, սկսած 2001 թ.-ից, ամեն տարի հաստատվում են կառավարության կողմից: Ըստ բնապահպանության նախարարության ներկայացրած բացատրագրի` ներկայում առաջնային են Սեւանա լճի մակարդակի բարձրացման եւ նրա ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության եւ կառավարման հարցերը: