Ադրբեջանցի Ռոման Հուսեյնովին երրորդ երկիր ուղարկելուց հետո, Հայաստանում այլեւս ադրբեջանցի ռազմագերիներ չկան, մինչդեռ Ադրբեջանում պահվում են երեք հայ ռազմագերիներ եւ հինգ քաղաքացիական անձանցից բաղկացած մի ընտանիք:
Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Հուսեյնովն ընդհանրապես հրաժարվել էր Ադրբեջան վերադառնալ, եւ նրան ուղարկել են երրորդ երկիր:
«Նման բան կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ գերին ինքը ցանկություն է հայտնում չվերադառնալ եւ խնդրում է միջնորդել երրորդ կողմին հանձնելու մասին: Ընդ որում, երկրի իշխանություններն արդեն այդ գործընթացի հետ գործ չունեն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն է զբաղվում այդ հարցերով»,- նշեց Կապրիելյանը:
Խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ճակատագրի մասին` Արմեն Կապրիելյանը նշեց, որ այդ հարցը պետք է լուծվի երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում: «Միանշանակ որեւէ բան հայտարարել չեմ կարող: Իհարկե, բանակցություններ մենք վարում ենք, սակայն Ադրբեջանի կողմից որեւէ արձագանք դեռ չկա»,- նշեց նա:
Վերջինիս խոսքով, քաղաքացիական ընտանիքի հարցը պարզ է, քանի որ նրանց պատմությունը բոլորը գիտեն, որ ի սկզբանե մտադրված անցել են սահմանը: «Գիտենք, թե ով է Եղիշե Գեւորգյանը եւ ինչ պարագաներում են անցել սահմանը: Որքանով գիտեմ քաղաքական ապաստան են խնդրել Ադրբեջանում»,- ասաց Կապրիելյանն ու հավելեց. «Ինչ վերաբերում է մեր երեք ռազմագերիներին, ապա միջազգային իրավունքը չի նախատեսում դեպքեր, երբ պարտադիր պետք է փոխանակում կատարվի: Անգամ ավելին, միջազգային իրավունքի նորմերը խստիվ արգելում են նման վարմունքը: Մինչ այսօր մենք որքան ադրբեջանցի ռազմագերի ենք հանձնել, դա արվել է առանց որեւէ նախապայմանի»:
Աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով, ադրբեջանցիներն ընդհանրապես շատ են սիրում քաղաքական շանտաժով զբաղվել, փորձում են ցանկացած հարցում դիվիդենտներ քաղել, երբեմն նախապայմաններ են առաջադրում: «Բայց եթե հարցին մոտենանք ճիշտ ձեւով, այսինքն Ժնեւյան կոնվենցիայի լույսի ներքո, ապա պետք է վերջ տան այդ քաղաքական խաղերին եւ պարզապես զբաղվեն մարդասիրական խնդիրների լուծմամբ»,- ասաց Կապրիելյան:
Նա չբացառեց, որ Ադրբեջանը կարող է փորձել դիվիդենտներ շահել նաեւ այն հանգամանքից, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում կան: «Իհարկե կփորձեն ամեն կերպ իրենց օգտին խաղացնել ստեղծված իրավիճակը: Բայց նախկինում էլ նման իրավիճակներ եղել են, եւ մենք հաջողությամբ կարողացել ենք դիմագրավել եւ հասնել նրան, որ մեր տղաներին հայրենադարձենք»,- ամփոփեց Արմեն Կապրիելյանը:
Նշենք, որ Ադրբեջանում են պահվում երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 5 անձինց բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները:
Եղիշե Գեւորգյանը 8 անգամ դատապարտվել է, եւ ներկայում էլ հետախուզվում է սպանության կասկածանքով: Նա ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:
Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից:




























