Ներկայումս ընթանում են Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին Ալիջան-Մարգարա հսկիչ անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation», հոդվածում, որը TRT World-ը տեղադրել է Twitter-ում:
Նրա խոսքով՝ այդ անցակետը գործարկվել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ հայ փրկարարները Հայաստանից Թուրքիայի ավերիչ երկրաշարժերի գոտի հումանիտար օգնություն են տեղափոխել։
«Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը այդ դժվարին պահին օգնության համար»,-ասել է Աքարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության շուրջ համաձայնագիրը եւս կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ «Մենք արդեն դրական քայլեր ենք ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել եւ պայմանավորվել ենք երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար համատեղ անցակետեր բացելու շուրջ։ Ուղիղ բեռնափոխադրումները նախնական դիվանագիտական շփումների եւս մեկ կոնկրետ արդյունք են»,-ասել է նա։
«Հայաստանի եւ նրա հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, եւ, հուսով եմ, հետ շրջելով պատմական թշնամանքը, ճանապարհ կհարթի ամուր բարեկամության եւ համագործակցության համար»,-հավելել է Աքարը։





























