Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին եւ «Երեւանի օրվան» ընդառաջ` Երեւանի լավագույն բարեկարգված տարածքների եւ առեւտրի ու ծառայությունների ոլորտում անվանակարգային մրցույթների արդյունքներով հաղթող ճանաչվածներին այսօր պարգեւատրել է անձամբ Երեւանի քաղաքապետը` Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամիսներ շարունակվող ստուգայցերից հետո` 8 անվանակարգերում, պարգեւատրվել են այն ընկերությունները, վարչական շրջաններն ու անհատները, որոնք, բարեխղճորեն կատարելով իրենց պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել եւ կանաչապատել են հարակից տարածքները` նպաստելով մայրաքաղաքի արտաքին ձեւավորման եւ բարեկարգման աշխատանքներին:
Լավագույն բակային տարածք անվանակարգի համար 1-ին եւ 2-րդ մրցանակներ են ստացել համապատասխանաբար`Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի ու Քանաքեռ-Զեյթունի` Դավիթ Անհաղթի 5 հասցեում գտնվող այգիները, Էրեբունի վարչական շրջանի Լիոնի այգին եւ Քանաքեռ-Զեյթունի` Դավիթ Անհաղթի պուրակը հաղթող են ճանաչվել վարձակալած այգիների անվանակարգում, «Կարապ» եւ «Կարապի լիճ» սրճարանները համապատասխան անվանակարգում, «Բեյսիք Հաուս»-ը խանութների, իսկ Խորենացի 35-ի շուկան իր մրցակիցների մեջ է համարվել լավագույնը: Լենինգրադյան 45 հասցեում գործող բենզալցակայանը եւ «Բուլղարիայի հայերի միության ներկայացուցչությունը» միակ հաղթող ընկերություններն են, իսկ լավագույն բարեկարգ տարածք մրցանակը շնորհվել է Շենգավիթ վարչական շրջանում գործող Գրանդ Սպորտ ընկերությանն ու Հրազդան հյուրանոցային համալիրին:
Յուրօրինակ մրցանակ են ստացել նաեւ անբարեխիղճ տնտեսվարողները: Նրանց էլ շնորհվել է Երեւանի վատագույն օբյեկտ անվանակարգը, որին արժանացել են Օղակաձեւ զբոսայգու 4–րդ եւ 5-րդ հատվածներում գործող «ԴԱԼԻԼԱ» եւ «ՖՈՐԵՍՏ ՌՈՈՒ» ՍՊԸ-ները, ինչպես նաեւ Երեանի ոսկերչական գործարանն ու «Սասնա Ծռեր» ռեստորանը:
Հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ` 2 տարի ժամետով մայրաքաղաքի առեւտրի եւ սպասարկման ոլորտի 10 կազմակերպություններին շնորհվել է որակի աստիճան:
«Որակի բարձրագույն աստիճան» շնորհվել է համապատասխանաբար «Հարսնաքար» եւ «Եվրոպա» ռեստորանային համալիրներին, «Մեցցո» սրճարան, «Տոմմի Հելֆիգեր» եւ «Կայզեր» առեւտրի կենտրոններին: «Որակի առաջին աստիճան» ստացել են «Որսկան (10-ից 10 հրաձգարան)», «Դոն Կիխոտ» եւ «ՍանՍեթ» ռեստորանային համալիրներին, «Հայր եւ որդի Երիցյաններ», «Լինում է չի լինում» առեեւտրի օբյեկտները:
Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, որակի աստիճան կարող է ստանալ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, որը որակավորման կարգով սահմանված 42 չափորոշիչներով կհավաքի անհրաժեշտ բալերի քանակ եւ, ըստ այդմ, ապահովելով առողջ մրցակցային դաշտ, կնպաստի նաեւ մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը:




























