Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 28-ին, մասնակցել է Չինաստանի ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Չինաստանի ժողովրդին մաղթել է խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում։ Այնուհետեեւ Տիգրան Սարգսյանը նշել է. «Վերջին տարիներին նկատվում է կայուն աճ մեր երկրների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում առաջնային նշանակություն են ձեռք բերել լեռնահանքային արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը եւ բարձր տեխնոլոգիաները: Վերջին տարիների համագործակցության բարձրակետը «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկությունն է, որով մենք իրավամբ հպարտանում ենք:
Կցանկանայի առանձնացնել Հայ-չինական գործարար համաժողովը, որը տեղի ունեցավ այս տարի Երեւանում: Համաժողովը, որն, ըստ էության, դարձավ մեր երկրների կողմից երբեւիցե կազմակերպված առավել լայնածավալ համատեղ միջոցառումը, նպատակաուղղված էր նոր կապերի հաստատմանը եւ փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների բացահայտմանը: Այս առումով ավելորդ չէ առանձնացնել նաեւ հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի նիստը նույնպես կայացավ ապրիլին:
Չինաստանի կառավարությունն ամեն տարի անհատույց օգնություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը, ինչն, անկասկած, նպաստում է վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այս տարի հունիսին Երեւանում տեղի ունեցավ 40 մլն յուան արժողությամբ շտապօգնության 88 մեքենաների ընդունման-հանձնման պաշտոնական արարողությունը: Իրագործման փուլում է Հայաստանին քաղաքային նշանակության ավտոբուսների տրամադրման ծրագիրը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանն այդ անհատույց օժանդակության համար:
Կցանկանայի նաեւ նշել մեր երկու երկրբների միջեւ արագ զարգացող հումանիտար համագործակցությունը: Մեր երկրներում պարբերաբար անցկացվում են մշակույթի օրեր եւ մշակութային փոխանակությանն ուղղված տարբեր միջոցառումներ: Այս առումով, հատկապես, պետք է առանձնացնել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի մասնաճյուղի գործունեությունը: Հաշվի առնելով հայ ուսանողների` Չինաստանում ուսանելու նկատմամբ աճող հետաքրքրությունը, չինական կողմը 20-ով ավելացրել է կառավարական կրթաթոշակների թիվը 2012-2013 ուսումնական տարվա համար:
Ավարտելով խոսքս, թանկագին հյուրեր, կցանկանայի եւս մեկ անգամ շնորհավորել բոլորին տոնի առթիվ եւ մաղթել երջանկություն ու բարեկեցություն»:
Հայաստանում Չինաստանի դեսպան Տիան Չանգչունը գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակից եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում եւս երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի նպաստ երկու պետությունների ժողովուրդների: «Հայ-չինական երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքում վերջին տարիներին ընդլայնվել են այն ուղղությունները, որոնց շուրջ երկու պետությունները զարգացրել են հարաբերությունները միմյանց միջեւ: Դրա վառ վկայությունը երկկողմ առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացումն է»,- ասել է Հայաստանում Չինաստանի դեսպանը:




























