Թերթը գրում է , որ ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանն արտասահմանյան շրջագայությունից վերադառնալուց հետո կատարելու է մի շարք պաշտոնյաների փոփոխություններ, ինչպես նաեւ` հստակեցնելու է առաջիկա ընտրություններից առաջ մի քանի ՀՀԿ-ականների գործառույթները: 

«Արդեն հայտնի է, որ տարեվերջին տեղի է ունենալու ՀՀԿ հերթական համագումարը, որի ժամանակ փոխվելու է կուսակցության գործադիր կազմը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ ԳՄ-ում չեն լինելու Հրանուշ Հակոբյանը, Հարություն Փամբուկյանը եւ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ-ում վստահ են, որ համամասնական ցուցակը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, թեեւ մինչ այսօր էլ չեն դադարում նրա պաշտոնանակության մասին խոսակցությունները։

Սակայն դեռ վստահ չեն, որ նախընտրական շտաբը գլխավորելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Որոշ ՀՀԿ-ականներ դա բացատրում են, մասնավորապես, այն հանգամանքով, որ ամերիկյան դիվանագետների վիկիլիքսյան նամակագրության մեջ Հ. Աբրահամյանը որակվել է որպես ավազակաբարո գործիչ։ Ու եթե Ս. Սարգսյանը նրան նշանակի նախընտրական շտաբի ղեկավար, դա միջազգային հանրությանն ուղղված ազդակ կլինի առ այն, որ այս անգամ էլ արդար ընտրությունների ակնկալիք չունենան»։