Առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրեն լուրջ մրցակից է համարում միայն Հայաստանի հանրապետական կուսակցությանը, իսկ ընդդիմադիր կուսակցություններին հարգում է, բայց  մրցակից չի համարում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն անցած տարիների ընթացքում ցույց է տվել, որ ուժեղ կուսակցություն է, կարողանում է պատասխանատվություն վերցնել եւ պատվով է դուրս գալիս դրա տակից:

«Մենք ոչ մի տեղի համար էլ չենք պայքարում, մենք պայքարում ենք երկրի բարգավաճման համար։ Ժողովուրդը կհասկանա՝ լավ, չի հասկանա՝ իր գործն է: Մենք ցանկացած քանակի ձայների կարող ենք հավակնել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նման ջղաձգություններ չունի, մենք գիտենք, որ այդ ձայները շատ են, կարող են քչացվել»,- ասաց նա: Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2012-ի մայիսին:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի` կոալիցիոն հուշագրից դուրս գալուն, ապա Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ ԲՀԿ-ն հակված է արագ փոխել իր սկզբունքներն ու վարքագիծը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես այդպիսին, հասարակությանը ներկայացել է իմպերատիվությամբ, խոսքը գործի վերածելով, պատվախնդիր տարբերակով, եւ այս պարագայում ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանը» հակված է շուտափույթ փոփոխություններ իրականացնել իր սկզբունքներում ու վարքագծում»,- ասաց նա::