Այս պահին Երեւանում ավազակային մի շարք հարձակումներ իրականացրած բանդան ամբողջությամբ ձերբակալվել է: Այսօր` սեպտեմբերի 29-ին, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Նրա խոսքով` բանդայի կազմում պաշտոնյաներ, նրանց որդիներ կամ իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ չկան: Ոստիկանապետը քնադատեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին` պետական պաշտոնյաների ուղղակի կամ անուղղակի առնչությունն այդ բանդային անհարկի չարաշահելու համար:

«Մտորում եմ` արդյոք չարգելե՞մ ոստիկանության պաշտոնյաներին այլեւս հեռախոսով լրատվամիջոցների հետ չշփվել, որովհետեւ արդեն դրա վնասներն զգում եմ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է նախկին հատուկջոկատայինների կամ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների մասնակցությանը, որի մասին ոստիկանապետը ենթադրություններ էր արել մոտ 1 ամիս առաջ, Ա. Սարգսյանն ասաց հետեւյալը. «Ոստիկանության համապատասխան կարկառուն դեմքերի կողմից քննադատություն եղավ, թե ինչու եմ այդպիսի բա ասել, բայց ես միշտ հիմնվել եմ տվյալ պահի օպերատիվ տեղեկության վրա»: