Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է հայտնի գործարար Սուրիկ Հակոբյանի որդու եւ ընտանիքի մյուս անդամների` Երեւանում վնասազերծված բանդայի գործողություններին ունեցած առնչությանը: «…կարկառուն դեմք է, բոլորն են ճանաչում, շատ հնարավորություններ ունի… Անձամբ ճանաչում եմ Լավաշի Սուրիկին, բայց ինչ կգրի թերթերում` ինձ չի հետաքրքրում»,- հայտարարեց ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ «Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին` Արտուշ Հակոբյանը ձերբակալված է եւ կասկածվում է նրանում, որ հայտնի բանդայի պարագլուխներից է: Սակայն ոստիկանապետը հերքեց Սուրիկ Հակոբյանի այն հայտարարություները, թե այդ ձերբակալությունն իրականացվել է բիզնեսը խլելու նպատակով: «Դա բիզնեսի հետ կապ չունի, ընդհակառակը` կողջունենք, որ հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները զբաղվեն բիզնեսով»,- հայտարարեց ոստիկանապետը:
Ա. Սարգսյանը նշեց նաեւ, որ ավազակային հարձակումներ իրականացրած բանդան ունեցել է 2 պարագլուխ, որոնցից մեկն ուղեղն էր, մյուսը պատասխանատու էր բռնությունների համար: Սակայն ոստիկանապետն առայժմ ձեռնպահ մնաց նրանց անունները նշելուց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել Ռուբեն Կարաօղլանյանի, Քյարամ Ամոյանի ու հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ («Լավաշի Սուրիկի» որդին է): Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Սեպտեմբերի 23-ին կալանքի որոշում էր կայացվել հանցախմբի չորս անդամների` Արամ Հայրապետյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) եւ 175 (Ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաեւ 316 հոդվածով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):
Ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները:




























