ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր` սեպտեմբերի 29-ին, պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունն սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան, որին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ։
Արյունաբանական կենտրոնում երիտասարդները նախ լրացրել են համապատասխան հարցաթերթիկներ, անցել բուժզննում, ինչից հետո միայն համապատասխանության դեպքում նրանց թույլատրվել է արյուն տալ։ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդիա Գասպարյանը նշել է, որ իրենց համալսարանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման ակցիայի։
«Ուսանողները պետք է գիտակցեն բարեգործության արժեքը։ Մենք պետք է ապրենք առողջ ու հոզոր երկրում, ինչի կայացման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա։ Մեր ուսանողները պետք է պատրաստ լինեն, սեփական արյունը նվիրելով, կյանք պարգեւել հիվանդին»,- նշել է նա։
«Անվտանգ արյունն սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաեւ մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է եւ դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ Անվարձահատույց դոնորության այս ձրագիրը կնպաստի նաեւ հանրապետությունում ավարձահատույց դոնորների թվի ավելացման։




























