Ադրբեջանը եւ Ղազախստանը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միակն էին, ովքեր ակտիվորեն սատարեցին պաղեստինցիների` ՄԱԿ-ին ուղղված դիմումը, գրում է IzRus-ը: Դեռ հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հանդես կգա Պաղեստին պետության ստեղծման օգտին` Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Սեպտեմբերի 6-ին այդ դիրքորոշումը պաշտպանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նույն կերպ նա վարվել է սեպտեմբերի 26-ին, արդեն Նյու Յորքում:
«Թեեւ դա հաճելի չէ իսրայելցիներին, Բաքվի եւ Աստանայի դիրքորոշումն այդ հարցում միանգամայն հասկանալի է: Նախեւառաջ, Իսրայելի եւ մահմեդական աշխարհի միջեւ ընդհանուր լարման ֆոնին, այս երկրներին անհրաժեշտ է «ռեաբիլիտացվել» մահմեդական աշխարհի իրենց կրոնակիցների աչքում: Երկրորդ, Ադրբեջանը եւ Ղազախստանը զգում են այլ մահմեդական երկրների օժանդակության կարիքը` իրենց ռազմավարական շահերի իրականացման համար: Նազարբաեւի դեպքում, դա Կենտրոնական Ասիայում իր հեղինակության բարձրացումն է: Ալիեւի համար դա դիմակայությունն է, այդ թվում միջազգային ասպարեզում, Հայաստանի դեմ` ղարաբաղյան հակամարտության պատճառով: Եւ ի վերջո, այդ երկու հետխորհրդային երկրները խնդիրներ ունեն Թուրքիայի եւ Իրանի հետ: Ադրբեջանին եւ Ղազախստանին ձեռնտու չէ ավելորդ անգամ բարկացնել Անկարային եւ Թեհրանին, առավել եւս, երբ խոսքը գնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, որն անմիջականորեն շոշափում է իրենց շահերը»,-գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Պաղեստինի` ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ դիմումն ուղարկել է հատուկ փորձագիտական հանձնաժողովին, որի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:




























