Բժշկին իր գործողությունների մեջ ոչ ոք չի կարող մեղադրել, քանի դեռ նրան մեղավոր չի ճանաչել դատարանը։ Սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը՝ անդրադառնալով բժշկական սխալների եւ մասնավորապես Վայքում բժշկուհու գործողությունների հետեւանքով մահացած երեխայի թեմային:
«Մարդն առաջին հերթին պետք է պատասխան տա իր խղճի եւ Աստծո առաջ։ Մարդիկ սովոր են, որ բժիշկը պետք է միշտ հաղթող դուրս գա, բայց ցավոք, բժիկները նաեւ պարտվում են։ Եթե նրանք անպարտ լինեին, մարդիկ հավերժ կյանք կունենային»,- ամփոփեց Օկոեւը։
Նշենք, որ Չենք լռելու» նախաձեռնությունն ավելի վաղ տեսագրություն էր տարածել, որում նշվում էր, որ օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ եւ սպասում են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել մորը անալգին եւ դեմիդրոլ ներարկել: Ծնվելուց հետո երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Երեխան մահացել էր։ Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):




























