Յարոսլավլի մոտ, սեպտեմբերի 7-ին, աղետի ենթարկված ՅԱԿ-42-ի կործանման նոր վարկած է առաջ քաշվել: Ըստ հետաքննության, օդանավի հրամանատարն ու օդաչուն միաժամանակ տվել են միմյանց հակասող հրամաններ, ինչն էլ աղետի պատճառ է դարձել:

«Օդանավի հրամանատարն ու օդաչուն միմյանց հետ խոսել են առանց բարձրախոսի եւ, հնարավոր է,  հենց դրա արդյունքում էլ իրար չեն հասկացել: Երբ օդաչուն անցնելով թռիչքուղու մեծ մասը, թռիչքի ֆորսաժային ռեժիմի է անցել, այդ պահին հրամանատարը, տեսնելով, որ օդանավն օդ չի բարձրանում, սեղմել է արգելակը»,- ասել է Utro.ru-ի աղբյուրը:

Արդյունքում, օդանավը հազիվ կարողացել է պոկվել գետնից, որից հետո բախվել է փարոսի ալեհավաքին, այնուհետեւ բռնկվել է ու վայր ընկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, աղետի ենթարկված ՅԱԿ-42 օդանավում են եղել հոկեյի «Լովոկոմոտիվ» ակումբի անդամները: Աղետի հետեւանքով, օդանավում գտնվող 45 հոգուց կենդանի է մնացել միայն մեկը` բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը: Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել ՌԴ նախագահ Մեդվեդեւին: