Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքել է այն լուրերը, թե ինքը որեւէ առնչություն ունի Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրգործով մեղադրանքների հետ: Այս մասին նա հայտարարեց այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

« …Վարդգեսը նշանակվել է ինձանից հետո, նրա աշխատանքը տեսա ես, հասկացա, նրա հնարավորությունները տեսա, հետո ինձանից ընդամենը կարծիք են հարցրել մարզի մասին, որովհետեւ տարբեր սոցիոլոգիական հարցումներ ուղղակի զարմանալի արդյունքներ էին տալիս: Ես իմ կարծիքն ընդամենը ասել եմ, որը միշտ էլ կասեմ, եւ դա համարվեց, որ ես Վարդգեսին վատությո՞ւն եմ արել… Վարդգեսին հանող-նշանակողը ես չեմ, թող ինքն իրանից նեղանա: Ու ինքը պետք է իմ մասին տարբեր հերյուրանքներով հանդես գա՞, որ իր մասին կարծիք եմ հայտնե՞լ…»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտներլ էր, որ ՀՀ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թվով 6 անձանց կողմից Արարատի մարզում չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Նախաքննությամբ Արարատի մարզում որոշ չարաշահումներ են հայտնաբերվել հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում: